Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը կանխել է պատվերով սպանություններ կատարող հանցավոր խմբավորման գործունեությունը: Նրանց հետքի վրա հաջողվել էր դուրս գալ նախորդ տարի ռեստորանային բիզնեսի սեփականատեր Սարգիս  Պետիկյանի աղմկահարույց սպանությունից հետո: Նրան, ինչպես պարզվել էր, քիլլերները սխալմամբ էին սպանել՝ մեկ այլ ռեստորանատեր Մուրադ Մուրադյանի փոխարեն:

Ձերբակալվածների թվում ոչ միայն կատարողներն ու կազմակերպիչներն են, այլեւ չկայած սպանության պատվիրատուները՝ 48-ամյա Իլհամ Ալիեւը եւ 52-ամյա Ալի Շահրզաեւը: Նրանց հետ խուզարկուները հայտնաբերել էին 44-ամյա միջնորդ Գաբիլ Ասադովին եւ սպանության կազմակերպիչ  43-ամյա Հալիգ Մագերամովին: Բոլոր չորսը ադրբեջանցի են, բնակվում են Պետերբուրգում: Անմիջական պատվիրատուները եղել են 29-ամյա Անդրեյ Միշենկինը եւ 43-ամյա Վյաչեսլավ Կուլագինը, հայտնում է ՆԳՆ ԳՎ-ն:

Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները ավազակախմբի եւս երեք անդամների են բացահայտել, որոնք ներգրավված էին եղել 2012թ. մայիսին Մուրադյանի դեմ մահափորձի կազմակերպմանը, գրում է NEWSru.com-ը:

Ենթադրյալ երեք քիլլերները Իվանովի մարզից են՝ 27-ամյա Իլյա Սեւրյուգին, 38-ամյա Ռոման Բոգդանով եւ 34-ամյա Ալեքսեյ Ավերին: Ընդ որում՝ Սեւրյուգինը սպանվել էր մայիսյան մահափորձի ընթացքում:

Քննիչների տվյալով՝ավազակների ձեռքի գործն էր նաեւ Լենինգրադի մարզում  Սերտոլովոյի Ձեռնարկատերերի խորհրդի նախագահ Լեոնիդ Կոլեսնիկովի դեմ մահափորձը, որը կատարվել էր 2013թ. ապրիլի  8-ին: Այն ժամանակ միայն երջանիկ պատահականություն էր փրկել գործարարին. մարդասպանի ատրճանակը չէր կրակել:

«Հանցախմբի անդամներին կալանավորելը փրկել է ռեստորանային բիզնեսով զբաղվող գործարար Մուրադ Մուրադյանին, որի սպանությունն արդեն  կազմակերպվում էր», - ընդգծել են ՆԳՆ-ում:

Խուզարկուները պարզել են, որ Մուրադ Մուրադյանը սեւ ցուցակում էր հայտնվել մեկ տարի առաջ: Այն ժամանակ նա հրաշքով փրկվել էր մահից, փոխարենը սպանվել էր այլ գործարար՝ «Կամելոտ» ռեստորանի 45-ամյա սեփականատեր Սարգիս Պետիկյանը:

Մուրադ Մուրադյանի սպանությունը «պատվիրել էր» Ադրբեջանի 52-ամյա բնակիչ Ալի Շահրզաեւը: Արտաքին նմանության պատճառով մարդասպանը շփոթել էր «օբյեկտին» եւ սխալմամբ սպանել Պետիկյանին», - բացատրել են ոստիկանությունում: Բանն այն է, որ Մուրադյանը հաճախ էր լինում գործընկերոջ ռեստորանում:

Ասադովն ու Մագերամովը շարունակում էին Մուրադյանի դեմ նոր մահափորձի նախապատրաստումը, քանի որ պատվիրատուն հրաժարվել էր վճարելուց:

Գործարարի կյանքը գնահատվել էր երեք մլն ռուբլի: Մարդասպաններին ասվել էր, որ գումարը կստանան միայն «հարկավոր» գործարարին վերացնելուց հետո: