Ադրբեջանական դպրոցում դասի ընթացքում վախճանվել է ուսուցչի կողմից պատժված աշակերտը:
ANS Press-ը հայտնում է, որ մայիսի 13-ի առավոտյան Սումգայիթ քաղաքում դասերի ընթացքում վախճանվել է №17 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազադ Իլյասովը (1996թ. ծնված): Ըստ ականատեսների` Իլյասովն այդ օրն ուշացել է դպրոցից, այդ պատճառով ուսուցիչը որոշել է պատժել նրան եւ ստիպել է վազել դպրոցի բակում: Վազքի ժամանակ Իլյասովը հանկարծակի ընկել է:
Թեեւ բժիշկ է կանչվել, աշակերտին փրկել չի հաջողվել: Լրագրողները փորձել են կապվել №17 դպրոցի ղեկավարության հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանած պահակը հայտնել է, որ դպրոցում ոչ ոք չկա: Նշվում է, որ աշակերտը սովորում էր «11 Բ» դասարանում, որի դասղեկն է Գյուլշան Հուսեյնովը:
Դպրոցի տնօրեն Նարգիլիա Սաֆարովան հաստատել է, որ տղայի առողջական վիճակը վատացել էր դպրոցի բակում, սակայն ամբողջությամբ հերքել է ուսուցչի կողմից աշակերտին պատժելու տեղեկությունը: «Վազքի տեսքով ոչ մի պատիժ էլ չի եղել», - ընդգծել է դպրոցի տնօրենը: Իրենց հերթին Ազադ Իլյասովի ծնողները պնդում են, որ սրտի խնդիրների պատճառով տղան մարմնամարզության դասերից ազատվելու տեղեկանք է ունեցել: Ըստ Սումգայիթ քաղաքի կրթության բաժնի պետի տեղակալ Վագիֆ Ալեքփերովի` ինքն առաջին անգամ է լսում, որ դպրոցից ուշանալու համար աշակերտներին ստիպում են վազել դպրոցի բակում: «Եթե տվյալ տեղեկությունը հաստատվի, դպրոցի համապատասխան աշխատակիցները կհեռացվեն աշխատանքից», - ասել է Վ. Ալեքփերովը: Հիշեցնենք, որ սա այդ դպրոցում կատարված առաջին միջադեպը չէ: Մի քանի ամիս առաջ համացանցում տեսագրություն էր տարածվել, որում երեւում էր, թե ինչպես է այդ դպրոցի ուսուցիչը ծեծում աշակերտներին:




























