ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը չի մասնակցել Աբովյանում Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում:

Նա Facebook-ի իր  էջում տեղեկացրել է ԱՄՆ-ում իր գործողությունների մասին:

«Երեկ ես Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցում էի, Բոսթոնում: Ամեն անգամ այստեղ գալիս ինձ մոտ տպավորություն է՝ կարծես տուն եկած լինեմ: 1980-ականների վերջին, երբ ես Ֆլեթչերում էի, հայ ուսանողներ չկային: Այսօր այստեղ Հայաստանից տասնհինգ ուսանող կա, որոնք «Թավիթյան» կրթաթոշակով մասնակցում են վեցամսյա ծրագրի: Նրանք պետական տարբեր գերատեսչություններից են եւ ծրագրի ավարտից հետո վերադառնալու են իրենց զբաղեցրած աշխատանքին:

Նրանց առջեւ ես խոսեցի Հայաստանի դիվանագիտության մասին, համեմատություններ անցկացրեցի երեք նախագահների վարած արտաքին քաղաքականությունների միջեւ՝ կենտրոնանալով հետեւյալ թեմաների վրա.

1. Արտաքին քաղաքականության գաղափարական հենք,

2. Ղարաբաղյան խնդիր,

3. Հայ-թուրքական հարաբերություններ:

Ես ներկայացրեցի, թե այս երեք ուղղություններում ինչպես է զարգացել արտաքին քաղաքական միտքը: Ուսանողները բավական հետաքրքիր հարցեր տվեցին:

Այս հատուկ ծրագրին, որն սկսվել է 1999թ.՝ իմ նախարար եղած ժամանակ, մինչ այժմ շուրջ 200 հոգի է մասնակցել՝ գիտելիքները հարստացնելով ակադեմիական հրաշալի միջավայրում: Առաջին մի քանի տարիներին մասնակիցները միայն արտգործնախարարությունից էին: Այսօր նրանք ամենատարբեր գերատեսչություններից են: Այդ երիտասարդները մեր երկրի հարստությունն են:

Հինգշաբթի ես կլինեմ Վաշինգթոնում, որտեղ ելույթ կունենամ «Կարնեգի հիմնադրամում»: Բացի այդ, հանդիպումներ կունենամ Պետքարտուղարությունում», գրել է Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Աբովյանում եկեղեցու բացման ժամանակ ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, այնինչ Վարդան Օսկանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ճիշտ կլինի, եթե ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հռչակի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am