«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով Երեւանի ավագանու անդամ են դարձել 17 թեկնածուներ, ընդ որում 113 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ինքնաբացարկ են հայտնել ցուցակի առաջին հինգ համարները` ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը:

Ինքնաբացարկ են ներկայացրել նաեւ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) դուստրը` Արմենուհի Գեւորգյանը, եւ այլ անձինք: Ինքնաբացարկներից հետո Երեւանի ավագանի է անցել ցուցակի 130-րդ համարը զբաղեցնող թեկնածու Սամվել Շառոյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել 21 թեկնածուներ, այդ թվում` ցուցակի չորրորդ համարը զբաղեցնող Հրաչ Պողոսյանը, Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, Երեւանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Փոխքաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարներն, ըստ օրենքի, իրավունք չունեն համատեղել երկու աշխատանքները, եւ ինքնաբացարկ են հայտարարել հավանաբար նախկին պաշտոններում պաշտոնավարումը շարունակելու համար: Ինքնաբացարկներից հետո Երեւանի ավագանի է անցել ցուցակի 63-րդ համարը զբաղեցնող թեկնածուն` Արմեն Ամոյանը: