Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները հրաժարվել են մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ»:
Քիչ առաջ Աբովյան քաղաքում ավարտվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցուց դուրս գալիս լրագրողները ՀԱԿ խմբակցության` միջոցառմանը ներկա պատգամավորներից հարցրել են, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել օծման արարողությանը, թեեւ նրան հրավիրել էին: «Այսօր այդ օրը չէ, որ հարցերի պատասխանենք»,- նշել են նրանք` հրաժարվելով նաեւ մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դուրս գալով եկեղեցուց, նշել է, թե շատ է հավանում այն եւ հեռացել է, Իսկ Գագիկ Ծառուկյանը ողջունել է հավաքվածներին: Հարցին, թե կարո՞ղ է արդյոք ԲՀԿ-ն անդամակցի կոալիցիային, նա պատասխանել է. «Եթե կոալիցիա մտնելու լինեինք, դա կանեինք մայիսի 5-ից հետո»:
Նշենք, որ եկեղեցու բակում բացված են սեղաններ, որոնցից այժմ օգտվում է հավաքված ժողովուրդը: Իսկ առավել թանկ հյուրերի համար, ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Ծառուկյանն առանձին խնջույք է կազմակերպելու «Փարավոն» կազինոյում, որի բացումը եւս կայանալու է այսօր:




























