Միայն այն, որ գրեթե մեկ տարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ մի անգամ չի հայտարարել, որ ընդդիմություն է, ամեն ինչ ասում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, քանի որ արդեն կան երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ:
«Եթե դուրս ես գալիս իշխանությունից, ապա, բնականաբար, քեզ հռչակում ես ընդդիմություն, սակայն քանի որ «Բարգավաճ Հայաստանը» դա չէր արել, ապա հայտարարությունը եւ պնդումը, որ ԲՀԿ-ն միշտ էլ ընդդիմություն է եղել, անհիմն են եղել: ԲՀԿ-ն հայտարարում էր, որ այլընտրանքային է, սակայն, կներեք, բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց այլընտրանքային են կարծում ոչ միայն միմյանց, այլեւ իշխանության հանդեպ», - ասել է Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի` քաղաքականության մեջ այլընտրանքի կարգավիճակ չկա եւ «լավագույն դեպքում ենթադրվում էր, որ ԲՀԿ-ն իշխող ուժ չէ, սակայն ընդդիմություն էլ չէ»:




























