ՀՀՇ-ի վերագրանցման նախաձեռնող խմբում այս պահին մոտ 200 մարդ կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսում նշել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչներից Ալեքսանդր Արզումանյանը, ով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ է, իսկ մինչեւ վերջերս նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ:

Նա նշել է, որ մայիսի սկզբին դիմում է գրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից դուրս գալու մասին: Արզումանյանի փոխանցմամբ՝ ՀՀՇ-ն պատրաստ է համագործակցել այլ, հատկապես ազատական ուղղվածության ուժերի հետ:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանն էլ հավելել է, որ արդեն բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել միանալ իրենց եւ անդամագրվել նոր գրանցվելիք ՀՀՇ-ին: Նրա խոսքով՝ կուսակցության ազատ ֆինանսավորում է լինելու: Զուրաբյանի ներկայացմամբ՝ ՀՀՇ-ն կլինի ընդդիմադիր դաշտում եւ չի շեղվի իր գաղափարական սկզբունքներից:

ՀՀՇ վերագրանցման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանն, իր հերթին նշել է, որ մինչեւ աշուն տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը, զբաղվում են նաեւ կուսակցության գրանցման հարցերով: