Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 11 -12-ը կազմակերպել է վարպետության դաս եւ «Հանրային տարածքների փոխակերպումը» խորագրով քննարկում: Նախաձեռնությունը նպատակ ուներ ներկայացնել եվրոպական նորարարական արվեստի եւ քաղաքային միջավայրերի միտումներն ու դրանց շուրջ քննարկում ծավալել: Քննարկմանը մասնակցեցին արվեստագետներ, նկարիչներ, ճարտարապետներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:
Հանդիպումը տեղի ունեցավ Լենինգրադյան 1/1 հասցեում գտնվող արտադրամասում, որտեղ ստեղծված էր քաղաքը փոխակերպող հանրային արվեստի միջավայր։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան: Նա հիշատակեց Եվրոպայի օրը՝ որպես տարբեր մշակույթների եւ ազգերի խաղաղության եւ միաբանության շուրջ համախմբելու խորհուրդ ունեցող օր:
«Ժամանակակից արվեստի վերաբերյալ միջոցառումներ նախաձեռնելով ցանկանում ենք երիտասարդներին ներգրավել քննարկման մեջ, լսել նրանց կարծիքն ու ծանոթանալ մոտեցումներին: Սա առաջինն է Եվրոպայի օրվան նվիրված այս տարվա միջոցառումներից, որոնք տարբեր ձեւաչափերով կշարունակվեն մայիսի 23-26-ը», նշեց դեսպանը: Մասնակիցներին ներկայացվեց նաեւ երկու օր տեւած գործնական դասին ձեւավորված արթ-ինստալացիայի գաղափարն ու ընթացքը: Վարպետության դասին ուսանողները կիրառել են հանրային տարածքներում արվեստի ստեղծման տեխնիկաները (համադրող՝ Արարատ Մինասյան):
Արթ-ինստալացիայի մասին պատմող անիմացիան հանրությանը կներկայացվի մայիսի 24-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում կազմակերպվող Լույս գիշեր ներկայացմանը, Հյուսիսային պողոտայում: Այստեղ մայիսի 25-ին տեղի կունենան Եվրոպայի օրվա բացօթյա տեղեկատվական ցուցահանդեսն ու եվրոպական մշակութային միջոցառումները:
1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների եւ զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, զինանշանի, նշանաբանի եւ միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների եւ տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը ինչպես իր, այնպես էլ հարեւան պետությունների քաղաքացիների համար: Եվրոպայի օրվա մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք ԵՄ պաշտոնական կայք:




























