Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի բնակիչ, 7-ամյա Մաշա Պախոմովայի պատմությունը դաժան է: 14-րդ հարկից ընկած աղջիկը մի ամբողջ ամիս մնացել էր կոմայում եւ.. ուշքի է եկել: Մաշային վերակենդանացման բաժնից տեղափոխել են նյարդավիրաբուժության բաժանմունք:
Մաշան ընկել է իրենց նոր բնակարանի պատուհանից ապրիլի 8-ին: Մոր եւ ավագ քրոջ հետ նա տեղափոխվել էր ապրելու նորակառույց շենք: Մայրը մի քանի օր նշում էր նորամուտը, իսկ դեպքի օրը գնացել էր հարեւան տուն ավագ դստեր հետ: Մաշան տանը միայնակ էր մնացել:
Մաշայի քույրն առավոտյան վերադարձել էր տուն եւ երեխային չէր գտել: Նա ցած էր նայել եւ քրոջը տեսել նկուղի մուտքի ալյումինե ծածկի վրա: Ամենայն հավանականությամբ, երեխան բացել էր պատուհանը եւ ցած ընկել:
Ալյումինե ծածկը փրկել էր երեխայի կյանքը` մեղմելով անկումը: Երեխան գլխի ծանր վնասվածք էր ստացել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Բարդ է ասել, թե ինչ կլինի երեխայի կյանքում, բժիշկները շարունակում են հետեւել նրան, իսկ մայրը մի քանի անգամ եկել, ապա դադարել է դստերն այցելելուց:




























