Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստանում է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները եւ ապահովել Թբիլիսիում նրանց ակցիաների անվտանգությունը: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, մայիսի 17-ին Թբիլիսիում երկու ակցիա տեղի կունենա: Ռուսթավելի պողոտայով երթ կանցկացնեն ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները, որին զուգահեռ, 50 մետր հեռավորությամբ տեղի կունենա «բարոյականության պաշտպանության» ակցիան, որի մասնակիցները մտադիր են խաղաղ միջոցներով բողոքել սեռական փոքրամասնությունների երթի դեմ:

«Վրաստանում սեռական փոքրամասնությունները, ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, ունեն նույն իրավունքները, ինչպես մյուսները»,-ընդգծել է Իվանիշվիլին:

Միաժամանակ նա խոստովանել է, որ այսօր վրաց հասարակության մեջ կան խմբեր, որոնց համար այդ փոքրամասնություններն անընդունելի են: «Բայց ժամանակի հետ մենք դրան կգանք»,-վստահեցրել է վարչապետը:

Նա չի հստակեցրել իր դիրքորոշումը նույնասեռ ամուսնությունների խնդրում: «Այդ հարցը մեր հասարակության առջեւ կանգնած չէ եւ ես կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա հիմա այդ հարցը քննարկելու: Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ եւ այնտեղ էի, երբ քննարկվում էր նույնասեռ ամուսնությունների հարցը եւ այն քիչ էր մնում երկրի հասարակությունը երկու մասի բաժաներ»,-ասել է Իվանիշվիլին: