Հայ ճարտարապետ Գեւորգ Օզքարագյոզը, ով բազմաթիվ շինություններ է նախագծել Թուրքիայում տարբեր կրոնների եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, իր նախագծերը կազմելիս հենվում է կրոնական համայնքների կարծիքի վրա: Այս մասին գրում է թուրքական Hürriyet Daily News-ը:

Գեւորգ Օզքարագյոզի ընտանիքը Մալաթիա քաղաքից տեղափոխվել է Ստամբուլ երբ նա դեռ 6 տարեկան էր: Թերթին տված հարցազրույցում նա անդրադառնալով իր նախագծերին, նշել է, որ նրանք, ովքեր իրեն համեմատում են Օսմանյան կայսրության գլխավոր ճարտարապետ Միմար Սինանի հետ, գերագնահատում են իր հնարավորությունները: «Օսմանյան կայրության շրջանում այս կամ այն կրոնին պատկանելու ավանդույթ չի եղել ճարտարապետության եւ արվեստի այլ տեսակներում»,-ասել է նա:

«Բացի այդ, օսմանյան շրջանում հայտնի հայ ճարտարապետների՝ Բալյանների դինաստիան չի առանձնացել իր ինքնությամբ: Որպես ճարտարապետներ մենք հատուկ նշանակություն չենք տալիս կրոնական մոտիվներին: Այդուհանդերձ, կրոնական կառույցները հաճախ պահանջում են կենտրոնացում եւ ջանքեր»,-հավելել է Օզքարագյոզը:

Վերջին շրջանում նա Ստամբուլի Օքմեյդանի թաղամասում ալավիական աղոթատեղի է կառուցել, նաեւ մզկիթ Բալըքեսիր քաղաքում եւ մի վանք՝ հայրենի Մալաթիայում: