Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ մայիսի 14-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ։
Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման նոր ծրագրի մեկնարկային պայմանները, ծրագրի առաջին տարվա աշխատանքների կարգավիճակը, եւ իրականացման ընթացքը։
Անդրադառնալով ծրագրի առաջին տարում նախատեսված աշխատանքների ծավալին՝ նշվել է, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար է։
Նախարարն ընդգծել է, որ նախարարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների՝ մասնավորապես դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի եւ Երեւան-Սեւան-Դիլիջան ճանապարհների, ինչպես նաեւ Երեւան-Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, որում ցանկալի է, որ ՀԲ-ն եւս իր մասնակցությունն ունենա։




























