Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարմար չի գտել մասնակցել Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Ճիշտն ասած` ես չեմ խորացել այդ հարցի մեջ, հարմար չի տեսել հավանաբար, ներկա չի եղել: Ընտանիքը հրավիրված է եղել, կինը ներկա էր, մենք միասին էինք այնտեղ»,- նշեց նա:

Ի դեպ, ՀԱԿ խմբակցությունից ներկա էին նաեւ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը իր միջոցներով կառուցած եկեղեցու օծման արարողությանը հրավիրել էր երկրի երեք նախագահներին: «Եկեղեցին բոլորինն է, հայ ժողովրդինը: Բոլորի առջեւ դուռը բաց է»,- նշել է Ծառուկյանը եւ հավելել, որ բոլորին հրավեր ուղարկվել է` առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին:  Հարցին, թե որն է պատճառը, որ նրանցից մի քանիսը չկան, Ծառուկյանը պատասխանել է. «Թող իրենք իրենց խղճի առջեւ պատասխան տան, մենք բոլորին հրավիրել ենք»:

Դիտարկմանը, թե այդ քայլով արդյոք ցանկացել է միավորե՞լ բոլորին, Ծառուկյանը նշել է. «Այո, պետք է միավորում լինի, որ հաջողություն ու հաղթանակ լինի»: «Միավորվեն Ձեր առանցքի շո՞ւրջ» հարցին էլ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Պետք է ընդհանուր միավորում լինի»: