Այսօր` փետրվարի 26-ին Կրթության եւ գիտության նախարարության եւ «Հայ դատ» հիմնադրամի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Արժեւորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Ծրագիրը նպատակ ունի աշակերտության շրջանում խթանել հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը եւ հանրակրթական դպրոցներում ձեւավորել ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնամեթոդական բազա:
«Մեր համագործակցության սկիզբը պայմանավորված է մի քանի շարժառիթներով: Մենք շատ ենք կարեւորում մասնավոր եւ քաղաքացիական մարմինների կազմակերպությունների ներգրավումը կրթական բարեփոխումների մեջ»,-ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մինչ կրթության նախկին փոխնախարար, դաշնակցական Բագրատ Եսայանի հետ հուշագրի ստորագրման արարողությունը՝ նա ակնարկել է. «Հայագիտությունը եւ հայապահպանությունը չունեն քաղաքական պատկանելություն։ Եւ սա շատ կարեւոր է, որ բոլորը հասկանան ու ընկալեն, որ քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, քաղաքական տարբեր կառույցներ Հայաստանի Հանրապետության ներսում պետք է ունենան արժեհամակարգ»:



















