Վրաստանի խորհրդարանում պահանջ է հնչել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը հանրությանը տեղեկացնի Միխայիլ Սահակաշվիլիի օտարերկրյա այցերի վերաբերյալ: Նման հայտարարությամբ հանդես է եկել արտաքին հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Զվիադ Կվաչանթիրիձեն` նկատելով, թե երեկ հայտնի է դարձել Սահակաշվիլիի ԱՄՆ այցի, նաեւ մի քանի այլ երկրներ այցելելու մտադրության մասին: Իսկ ԱԳՆ-ն այդ այցերի մասին որեւէ տեղեկատվություն չունի:
«Ես խոսել եմ ԱԳՆ ղեկավարության հետ եւ այնտեղ հաստատել են, որ նախարարությունը որեւէ տեղեկություն չունի նախագահի արտասահմանյան գործուղումների մասին, դիվանագիտական կորպուսը չի մասնակցում դրանց կազմակերպմանը»,- ասել է նա:
Նա խնդրել է Բարնովին իրենց տեղեկացնել առաջիկա ամսում նախագահի այցերի վերաբերյալ:




























