Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտների արտաքին ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 28,2 մլն դոլարով եւ կազմել գրեթե 305,5 մլն դոլար: Աճի տեմպը կազմել է 10,2%:
Ինչպես անցած տարի, տրանսֆերտների առյուծի բաժինը`80,8%, ստացվում է Ռուսաստանից: Սակայն այն պատճառով, որ այդ երկրից գումարային փոխանցումների աճի տեմպը 0,3 տոկոսային կետով զիջել է միջին ցուցանիշին, տրանսֆերտների ընդհանուր ծավալի մեջ նրա տեսակարար կշիռը նվազել է 0,2%-ով` բացարձակ թվով 22,1 մլն դոլար:
Անսպասելի թռիչք է արձանագրվել «անհայտ» երկրների խմբում, որը ԿԲ փաստաթղթերում ներկայացված է որպես «այլ»: Արդյունքում տրանսֆերտների ընդհանուր ծավալում այդ մասնաբաժինն ավելացել է 0,8 տոկոսային կետով` առաջին եռամսյակում կազմելով 7,4%:
Միաժամանակ տրանսֆերտների ծավալում ավանդաբար երկրորդ տեղն զբաղեցնող ԱՄՆ-ից ծավալը կրճատվել է 1,3 մլն դոլարով կամ 6,8%-ով:
Ավելացնենք, որ հաշվետու եռամսյակում տրանսֆերտների ծավալը դրամով կազմել է 125,1 մլրդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17,4 մլրդ դրամով ավելի: Երկրի սպառողական շուկայում տրանսֆերտների դերի մասին շատ է խոսվել:
Ինչպես երեւում է վերը ներկայացված գծապատկերից, տրանսֆերտների սալդոյի գծի ու «մաքուր» ներմուծման ուղղությունները համընկնում են: Հասկանալի է, որ երկու ցուցանիշներն ընդհանուր տնտեսական գործոնների ազդեցության արդյունք են, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Միաժամանակ` տրանսֆերտները կրկնակի ազդեցություն են ունենում ապրանքի արտահանման վրա: Մի կողմից` տրանսֆերտների հոսքը հանգեցնում է բնակչության գնողունակության բարձրացմանը, մյուս կողմից` ներմուծողներն ստանում են արտաքին առեւտրի գործարքների համար անհրաժեշտ արտարժույթը: Հասկանալի է, որ առանց տրանսֆերտների` արտարժույթի շուկայում դոլարի ծավալն անհամեմատ ավելի պակաս կլիներ:
Ուսումնասիրվող ժամանակահատվածում տրանսֆերտների դրական սալդոյի եւ «մաքուր» ներմուծման միջեւ հարաբերակցությունն ամենաբարձրը եղել է 2006թ-ին` 62%, այնուհետեւ ճգնաժամային 2009 թվականին հասել է նվազգույնի` 36%: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի` ճգնաժամից դուրս գալու ընթացքով պայմանավորված` նշված հարաբերակցությունը նորից սկսել է աճել` անցած տարի հասնելով մինչեւ 49%-ի:
Այդ երկու ցուցանիշների համադրությունը ուսումնասիրվող ժամանակահատվածում հասել է 0,9-ի, ինչը ենթադրում է տրանսֆերտի սալդոյի բավականին բարձր ազդեցության աստիճան` Հայաստանի «մաքուր» ներմուծման դինամիկայի վրա:
Ալբերտ Խաչատրյան



























