Վրաստանը ցանկանում է  Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ տնտեսական հարաբերությունների կապող ամուր օղակ լինել: Այս մասին մայիսի 16-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ելույթ ունենալով  «Ասիայի եւ Եվրոպայի կապը. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում եւ Ասիայում» խորագրով կոնֆերանսին:

«Արեւելք-Արեւմուտք միջանցքը ռազմավարական հարց է եւ այն զգալիորեն որոշակիացնում է Վրաստանի եւ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի դերը գլոբալ տնտեսության մեջ: Վրաստանը ցանկություն ունի Արեւմուտքի եւ Արեւելքի տնտեսական հարաբերությունների կապող օղակ դառնալ: Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից ուժեղ առեւտրային տարանցիկ կենտրոն, որը կնպաստի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առեւտրին», - հայտարարել է Իվանիշվիլին:

Ըստ նրա՝ տվյալ խնդրին հասնելու համար Վրաստանը պետք է երեք ուղղությամբ աշխատի՝ բարելավի տրանսպորտային ենթակառույցը, ապահովի գրավիչ բիզնես միջավայրի ստեղծումը եւ ունենա արգասաբեր համագործակցություն հարեւանների հետ, ընդգծել է վարչապետը, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»: «Արդեն զգալի ներդրումներ կատարվում են  մայրուղիների կառուցման ուղղությամբ, բարելավվում է երկաթուղին, կառուցվում է նոր երկաթգիծ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս», - Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում «Գռուզիա Online»-ը:

Կոնֆերանսը նվիրված է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական ինտեգրման հարցերին: Կազմակերպիչն է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում է ԱՄՆ-ի պետքարտուղարի Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Լինն Թրեյսին: