Որեւէ խոչընդոտ չկա Հայոց համազգային շարժում անվանումով կուսակցություն բացելու համար: Այդ մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը` հավելելով, որ ՀՀՇ-ն չի տեղավորվում Հայ ազգային կոնգրես կուսակցության ձեւաչափի մեջ:

Ըստ Իգիթյանի, ՀԱԿ դաշինքը ստեղծվել էր ընտրությունների եւ հետընտրական գործընթացների համար, իսկ ՀՀՇ գաղափարախոսությունը բոլորովին այլ է: Իգիթյանը նաեւ դատապարտեց նախկին կուսակիցների կողմից այլատյացության դրսեւորումները, այլակարծության նկատմամբ բացասական վերաբերմունքը: «Համագումարին  ինձ թույլ չտվեցին նույնիսկ մինչեւ վերջ ելույթ ունենալ, խանգարում էին, եւ ես ստիպված էի ասելիքս ներկայացնել հետո` մամուլի միջոցով»,- նշել է Հովհաննես Իգիթյանը: Վերջինիս համար նաեւ տարօրինակ էր, որ վարչություն է ընտրվել մեկ միասնական ցուցակով, իսկ ՀՀՇ-ում երբեք նման բան չի եղել: «Ես չեմ տեղավորվում ՀԱԿ-ի մեջ: Պետք չէ կարծել, թե մենք կուսակցությունը հիմնում ենք զուտ ՀՀՇ բառակապակցությունն ունենալու համար»,- ասել է Իգիթյանը:

Իգիթյանը նշել է, թե նոր ՀՀՇ-ն աշխատելու է Վանո Սիրադեղյանի ոճով` կոլեգիալ մոտեցումներով:

Հովհաննես Իգիթյանին նաեւ տխրեցրել էր, որ ՀՀՇ համագումարում դահլիճը հոտընկայս ծափահարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտությանը, թե ՀՀՇ-ն «գեղի կլուբ» է եղել: «Այդ մարդիկ ծափահարեցին ու հրաժարվեցին անցյալից: Այնինչ չես կարող հրաժարվել անցյալից, դա պատմություն է, անգամ եթե ընդունում ենք, որ ունենք նաեւ սեւ էջեր ու բացթողումներ: Պիտի ստեղծվեր նոր կուսակցություն եւ լիներ այնպես, որ հին ՀՀՇ-ականները չըմբոստանային: Նրանց մեծ մասն արդեն դուրս էին մղված, վերջինը ես էի եւ որոշ մարդիկ»,- նշել է Իգիթյանը եւ հավելել, կուսակցությունն ունեցել է  բացթողումներ, սեւ էջեր, ձեռքբերումներ եւ չպետք է հրաժարվել այդ ամենից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am