«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետեւում է Ֆրիդրիխ Էնգելսի օրինակին: Այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին նման կարծիք հայտնեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ մեկնաբանելով Ծառուկյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: «Ծառուկյանը հետեւում է Ֆրիդրիխ Էնգելսի ձեռնարկատիրական կապիտալի մասին օրենքին», – նշել է նա:
Ընդհանուր առմամբ, խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին, Հակոբյանը նշեց, որ «մինի-խորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրական իրավունքը շատ անկատար է եւ սխոլաստիկ»: Ըստ նրա՝ ընտրական իրավունքն արմատական բարեփոխման կարիք ունի: Իսկ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշն ապացուցում է ընտրությունների նկատմամբ արհամարհանքը: «Հասարակությունը խոր ճգնաժամի մեջ է, եւ չեմ կարծում, որ դա նրա համար մեծ նշանակություն ունենար: Երեւանի համար Ավագանին նոր ռազմավարություն չի մշակի», – ամփոփեց Հակոբյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























