Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր՝ մայիսի 16-ին, հանդիպում է ունեցել գերմանական հանրահայտ «ՍՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ, որը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության կանոններին (GMP) համապատասխանող դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը:

ՀՀ առողջապահության նախարար  Դերենիկ Դումանյանը նշել է, որ այսօր հանրապետությունում շրջանառվող դեղերի միայն 7-8 տոկոսն է արտադրվում Հայաստանում, իսկ մնացած մասը ներմուծվում է այլ երկրներից: Կարեւորելով բնակչության համար անհրաժեշտ դեղերով ապահովվածության խնդիրը` նախարարը  ողջունեց «ՍՏԱԴԱ» կազմակերպության համագործակցության նախաձեռնությունը` դրանց մատչելիության ապահովման ուղղությամբ:

Նախարար Դումանյանը «ՍՏԱԴԱ» կազմակերպության խորհրդի անդամներին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում Հայաստանի նախագահի հովանու ներքո իրականացվող մեծածավալ ծրագրերը։ Մասնավորապես` անդրադարձել է երկրում ուռուցքաբանության եւ արյունաբանության զարգացման նպատակով նոր կենտրոնների ստեղծմանը` այդ ենթատեքստում առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով հակաուռուցքային դեղերի առավել մատչելի գներով ձեռքբերումը։

Նախարարը հույս է հայտնել, որ «ՍՏԱԴԱ» կազմակերպության հետ նոր սկսվող համագործակցության արդյունքները կզգացվեն մոտ ապագայում:

Միաժամանակ, նախարար Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնի կողմից վերջին տարիներին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում կատարված ներդրման եւ բազմաթիվ հայ կանանց կյանքի որակը բարելավելու կապակցությամբ:

Պրոֆեսոր Զոնն իր պատրաստակամությունն է հայտնել այդ ծրագիրը շարունակելու, ինչպես նաեւ հայ-գերմանական ասոցիացիայի հիմնադրման շրջանակներում ուռուցքաբական կենտրոնի հետ համագործակցության նոր ծրագիր սկսելու առումով։

Տեղեկացնենք, որ «ՍՏԱԴԱ» կազմակերպությունը հիմնադրվել է 1895 թվականին Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքում: ՍՏԱԴԱ-յի ավելի քան 15 հազար արտադրատեսակները հիմնականում շրջանառվում են Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի եւ Իսպանիայի շուկաներում:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Հարություն Քուշկյանը: