Բոսթոնի մարաթոնի ժամանակ որոտացած պայթյունները վրեժխնդրություն էին Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ գործողությունների համար: Ջոհար Ցարնաեւը նման գրառում է արել մոտորանավակի պատին, որում թաքնվել էր իրեն ձերբակալելու գործողության ժամանակ:
Ստանձնելով Բոսթոնի ահաբեկչության պատասխանատվությունը, երբ զոհվել էր երեք մարդ, վիրավորվել՝ 200-ը, Ցարնաեւն իրենց արարքն աննշան պատասխան է համարել մահմեդականների տառապանքների համար: «Հարձակվելով մի մահմեդականի վրա, դու հարձակվում ես բոլորի վրա», ասվում է ահաբեկչի գրառման մեջ, հաղորդում է RBC-ն:
Խոսելով իր սպանված եղբոր` Թամերլան Ցարնաեւի մասին` Ջոհարը նշել է, թե չի սգում եղբոր մահը, քանի որ նա նահատակվելով հայտնվել է դրախտում, որտեղ շուտով կտեսնի նրան:
Հիշեցնենք, որ Ցարնաեւ եղբայրներին մեղադրում են ապրիլի 15-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ: Զոհվել էր 3, վիրավորվել ավելի քան 260 մարդ: Թամերլանը սպանվել էր ոստիկանների հետ հրաձգության ընթացքում, Ջոհարը ձերբակալվել էր:




























