Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 16-ին, կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու խնդիրը քննարկել է ոլորտի պատասխանատուների եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Քննարկվել է կրկնացանքի ժամկետների եւ հնարավորության հարցը եւ միանգամայն հնարավոր ու անհրաժեշտ համարվել սեղմ ժամկետներում վերջինիս իրականացումը:
Նշված գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սերմերի եւ սածիլների պահանջարկը բավարարելու նպատակով որոշվել է անհապաղ ՌԴ գործուղել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին։ Սերմերի (եգիպտացորենի, առվույտի եւ արեւածաղկի) ձեռքբերման, բարձման եւ տեղափոխման հրատապության համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ։ Մնացած մշակաբույսերի սերմերը պետք է գնվեն սերմերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող հանրապետության տնտեսվարող սուբյեկտներից։
Սերմերի ներկրման եւ բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում՝ հաշվի առնելով ժամկետների սղությունը։
Ինչ մնում է սածիլներին, ապա այն կապահովվի հիմնականում «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, առանձին խմբաքանակներով, խիստ հասցեականության սկզբունքով եւ կավարտվի 10-օրյա ժամկետում:
Տուժած, սոցիալապես անապահով տնտեսություններին սերմացուն ու սածիլները կտրամադրվեն անհատույց։
Կարեւորվել է մասնագիտական խորհրդատվության ակտիվացումը, հատկապես կարկտահարված վազերի եւ ծառերի էտի, ձեւավորման, խնամքի եւ մշակության հարցերով։
«ՍՊԱՅԿԱ» ընկերությանը համապատասխան արտադրական տարածք տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրված հանձնարարականի մասով նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հնարավորություններ են փնտրվում հարցի լուծման համար, սակայն մինչեւ այդ պետք է տնտեսվարող այլ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում ապակենտրոնացնել եւ վերաբաշխել առաքումների ծանրաբեռնվածությունը։
Որոշվել է սույն թվականի մայիսի 21-ին հարցի քննարկման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հրավիրել պտուղբանջարեղենի արտահանումներով զբաղվող տնտեսավարողներին։




























