Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մայիսի 16-ին, այցելել է Արագածոտնի մարզի մի քանի բազմազավակ ընտանիքների:
Մայիսի 15-ը արդեն երկու տարի է՝ օրենսդրորեն ամրագրվել է որպես Ընտանիքի օր, որի առիթով խորհրդարանի ղեվավարը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է մարզի գյուղական համայնքների սոցիալապես անապահով եւ բազմազավակ երեք ընտանիքների:
Շենավան գյուղում ԱԺ նախագահը եղավ Գրիգորյանների տանը. բազմանդամ այս ընտանիքում մեծանում է տասը երեխա: Քուչակ գյուղում այցելել է Պետրոսյանների ընտանիքին ու նրա վեց արու զավակներին, նույն գյուղում՝ նաեւ Երվանդյանների ընտանիքին, որտեղ ապրում է ինը երեխա, իսկ նրանց հայրը պայմանագրային զինծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում: Խորհրդարանի ղեկավարը բազմանդամ այս ընտանիքներին է հանձնել Ազգային ժողովի շնորհակալագրեր՝ կարեւորելով եւ բարձր գնահատելով վերջիններիս դերը հասարակության մեջ:
«Ամուր ընտանիքը պետության հիմնասյունն է»,-ասել է Հովիկ Աբրահամյանը եւ հավաստիացրել, որ իշխանությունները նրանց կողքին են լինելու եւ փորձելու են աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: Իսկ գյուղական բազմանդամ ընտանիքների հոգսերն ու սոցիալական խնդիրներն ընդհանուր են. աշխատանքն ու աշխատավարձը քիչ են, կարիքները՝ մեծ: ԱԺ նախագահն այս ընտանիքների հոգսերը փոքր ինչ թեթեւացնելու նպատակով փոխանցել է նրանց անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու այլ պարագաներ, երեխաներին նվիրել է գրքեր, հեծանիվներ, գրենական պիտույքներով ու քաղցրավենիքով լի փաթեթեներ:
Շենավան համայնքում ԱԺ նախագահը փոքրիկ կանգառ է արել՝ զրուցելով գյուղացիների հետ: Հովիկ Աբրահամյանը լսել է գյուղացուն հուզող՝ կարտոֆիլի չիրացված բերքի, արդյունք չտված ցորենի սերմի ու դրա դիմաց վճարելիք գումարի, գյուղատնտեսական վարկերի տրամադրմանն առնչվող խնդիրների մասին: Մարզպետի ու գյուղապետի մասնակցությամբ ԱԺ նախագահը քննարկել է եւ գնահատեց գյուղատնտեսության պատկերը համայնքում ու նաեւ հնարավոր լուծումները: ԱԺ նախագահը համայնքի բնակիչներին տեղեկացրել է սոցիալական ոլորտում նախատեսված առաջիկա քայլերի մասին:




























