Բուլղարիայում ԳԵՐԲ կուսակցությունը, որ հաղթել է արտահերթ ընտրություններում, պահանջում է նոր քվեարկություն անցկացնել: Նման հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության առաջնորդ եւ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը: ԳԵՐԲ-ի առաջնորդը նշել է, թե պաշտոնական բողոքը սահմանադրական դատարան կներկայացնեն առաջիկա օրերին:
Կուսակցությունը կարծում է, թե իրենց վարկաբեկել է նորությունը, որը հայտնվել էր քվեարկության նախօրեին, երբ արգելված էր քաղաքական պայքարն ու քարոզչությունը:
Դատախազությունը տեղեկություն էր տարածել թե Բորիսովի խորհրդականներից մեկին պատկանող տպարանում կեղծ քվեաթերթիկներ են տպագրվել, գրում է Lenta.ru-ն:
Մայիսի 12-ին կայացած քվեարկության արդյունքում Բորիսովի կուսակցությունը ստացել էր 30 տոկոս ձայն` խորհրդարանի 270 տեղերից ստանալու 97-ը: Սոցիալիստները ստացել էին 83, էթնիկ թուրքերի շարժումը` 36, ազգայնական «Ատակա»-ն` 23 մանդատ: Նման վիճակում ԳԵՐԲ-ը մեկուսացման մեջ էր հայտնվել, մյուս կուսակցությունները պատրաստ չեն նրա հետ կոալիցիոն կառավարություն կազմել:




























