Աարդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի միջեւ, այսօր՝ մայիսի 16-ին, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերի միջեւ համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաեւ կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն իր խոսքում նշել է, որ այս հուշագրով կտրվի շահավետ փոխգործակցության մեկնարկը: «Էստոնիայի հետ հուշագրի կնքումը պայմանավորված է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումով, քանզի այդ բնագավառում էստոնացիները բավականին լուրջ առաջընթաց ունեն: ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կփորձի ներդնել այն ամենը, ինչը ուսանելի ու պիտանի կլինի մեր երկրի համար»,-ընդգծել է նա:
Էստոնիայի դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների պալատի կանցլեր Սուլեւ Լյաենեն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը նոր հեռանկարներ կբացի ոլորտում փոխշահավետ համագործակցության համար: «Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են տարբեր մակարդակներում, այդ թվում նաեւ պետական մակարդակում, որի շրջանակում եղել են տարբեր փոխայցելություններ»,- ասել է Սուլեւ Լյաենեն: Նրա խոսքով՝ գործընկերությունը կնպաստի նաեւ երկու ժողովուրդներիմերձեցմանը եւ մշակույթների ճանաչմանը:
Հուշագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որի առաքելությունը կլինի ողջամիտ ժամկետում մշակել եւ կողմերի հաստատմանը ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ Դատական կատարողների եւ սնանկության կառավարիչների էստոնական պալատի միջեւ համագործակցության միջոցառումների ծրագիր:
Համագործակցության ծրագրում նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման եւ հստակեցման նպատակով կապահովվեն նաեւ կողմերի միջեւ փոխադարձ այցելություններ, աշխատանքային քննարկումներ:
Կողմերը հուշագրի ստորագրումից հետո հուշանվերներ են փոխանակել:




























