Մայիսի 17-ին` ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից՝ «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ շինության երկրորդ հարկում այրվում են պլաստմասե թափոններ` 1 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.57-ին, մարվել՝ 01.59-ին:

Նշենք, որ մայիսի 15-ի կեսգիշերին բռնկված հրդեհը մարելու համար հրշեջ-ծառայությունից պահանջվել էր 14,5 ժամ: Այդ օրը ժամը 23.58-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Սկզբում հայտարարվել էր հրդեհի բարդության «2-րդ», ապա «3-րդ» աստիճան:

ԱԻՆ տվյալներով, Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը եւ ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները: Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության եւ ոստիկանության ավտոմեքենաներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին: Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Այսօր առավոտից հրդեհաշիջման աշխատանքները տեղում համակարգել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի վայր էին ժամանել նաեւ գյուղատնտեսության նախարարը, պաշտոնյաներ: Արշակունյաց պողոտայի տվյալ հատվածը գրեթե կես օր պատված էր թանձր ծխով եւ տհաճ հոտով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հանձնարարել էր «ՍՊԱՅԿԱ» ընկերությանը համապատասխան արտադրական տարածք տրամադրել` մթերումները շարունակելու համար, իսկ ավելի ուշ կայացել էր գյուղնախարարության խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանը նշել էր, որ հնարավորություններ են փնտրվում հարցի լուծման համար, սակայն մինչեւ այդ պետք է տնտեսվարող այլ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում ապակենտրոնացնել եւ վերաբաշխել առաքումների ծանրաբեռնվածությունը։

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ամբողջությամբ վնասվել է 15 հազար քառակուսի մետր տարածքով, տարածաշրջանում ամենահագեցած եւ մեծ սառցարանային համալիրը, որտեղ ամբարված էր Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից մթերված կարտոֆիլը, ընկերությունը նաեւ պատրաստվում էր ծիրան մթերել, եւ դրա համար պլաստմասե ու փայտե արկղեր էր կուտակել, որոնք եւս հրո ճարակ են դարձել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am