Քալիֆորնիայի Մոնթերեյ Փարք քաղաքում փակել են դպրոցներն ու քոլեջները՝ կրակոցների սպառնալիքի հետ կապված: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հեռախոսային ենթադրյալ ահաբեկչին, որը խոստացել էր գնդակահարել կրթական հաստատություններից մեկի սաներին:

DailyNews Los Angeles-ը հայտնում է, որ սպառնալիքները ստացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում: Ոչ մի որոշակի դպրոց չէր նշվել: Հաջողվել էր պարզել, որ զանգը կատարվել էր Մոնթերեյ Փարքից: 19-ամյա ուսանողը, որի անունը չի հաղորդվում, ձերբակալվել է Սանտա Մոնիկա քոլեջի տարածքում: Հրատարակչության տվյալով՝ զանգեր են ստացել նվազագույնը վեց դպրոցներ:

Անանուն զանգից հետո իրավապահներն արագ արձագանքել են եւ փակել քաղաքի 10 դպրոցներ, տարհանել մարդկանց, գրում  է  NEWSru.com-ը:

Ամերիկյան իշխանություններն իզուր չէ, որ վախենում են նման սպառնալիքներից. Վերջին տարիներին դպրոցներում եւ բուհերում բազմիցս բռնության դեպքեր են գրանցվել: