Այսօր` փետրվարի 26-ին վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը։ Նիստը նախագահող դատավոր Մ. Ռեհանյանը բողոքը բավարարել է մասնակի` 4 տարվա ազատազրկումը դարձնելով 3 տարի և դատարանի դահլիճից ազատ է արձակել` «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման հիման վրա:
Սաշա Դավթյանի փաստաբանը պահաջել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ անթույլատրելի է մեղադրանքի հիմք ընդունել քննիչների կողմից խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները:
Հիշեցնենք, որ Ս. Դավթյանը, ով ազատազրկված է 2009-ի մայիսի 8-ից, մեղադրվում էր իր անչափահաս դուստրերից մեկին խոշտանգելու, իսկ մյուսին` բռնաբարելու մեջ։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի դեկտեմբերին Ս. Դավթյանին արդարացրել էր անչափահաս աղջկան բռնաբարելու մասով եւ 4 տարվա ազատազրկման դատապարտել խոշտանգման հոդվածով։
Ս. Դավթյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն մի քանի օր խոշտանգել են եւ ստիպել, որ ընդունի, թե խոշտանգել ու բռնաբարել է իր աղջիկներին: Ոստիկանությունում նրա դստերը նույնպես ստիպել են, որ գրի, թե հայրն է իրեն բռնաբարել: Սակայն ոչ Ս. Դավթյանը, ոչ աղջիկները դա չեն խոստովանել: Ս. Դավթյանը երկար ծեծից հետո ասել է, որ մի անգամ ապտակել է աղջկան, որը հիմք է ծառայել նրան 4 տարվա ազատազրկման դատապարտելու համար:



















