Թամերլան Ցարնաեւը կապ էր պահպանում Ահմեդ Զաքաեւի նախկին թիկնապահ Մուսա Հաջիմուրադովի հետ: Նման տվյալներ ունի ՀԴԲ-ն:
Մանչեսթրի ոստիկանությունը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը հայտնել է, որ ՀԴԲ-ի գործակալները խուզարկել են Հաջիմուրադովի բնակարանը եւ ուսումնասիրել նրան պատկանող կոշտ սկավառակների եւ համակարգիչների պարունակությունը: Հաջիմուրադովը եւս հայտարարել է, որ ՀԴԲ-ի գործակալները օրերս խուզարկության հրամանով եկել են իր տուն, ԴՆԹ-ի նմուշ ու մատնահետքեր վերցրել:
Հաջիմուրադովը պատմել է, որ Ցարնաեւի հետ ծանոթացել է 2006թ.՝ Բոսթոնում Ղուրբան-բայրամի տոնակատարության ժամանակ:
Նա հայտնել է, որ ՀԴԲ-ն իր հետ առաջին անգամ զրուցել է ապրիլի 29-ին՝ Բոսթոնի պայթյուններից 2 շաբաթ անց: Այդ օրվանից ՀԴԲ-ի եւ ազգային անվտանգության նախարարության գործակալները նրա հետ մշտական կապի մեջ են եղել:
Չեչնիայում «Սպարտակ» մականվամբ հայտնի Հաջիմուրադովը եղել է Ահմեդ Զաքաեւի անձնական թիկնապահը, որը այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանում Զաքաեւին մեղադրում են ծանր հանցագործություններում, սակայն բրիտանական իշխանությունները հրաժարվում են նրան արտահանձնելուց:
Հաջիմուրադովը, որը Չեչնիայում ստացած վնասվածքի հետեւանքով անդամալույծ է դարձել, ԱՄՆ տեղափոխվել է 2004թ.՝ ՄԱԿ-ի՝ փախստականների պաշտպանության ծրագրի շրջանակում:




























