ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է Ներքին եկամուտների ծառայության (IRS) նոր պետի անունը, որը կփոխարինի Սթիվեն Միլլերին: Հարկային ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 42-ամյա Դենիել Ուերֆելը:

Ուերֆելը պաշտոնապես աշխատանքի կանցնի մայիսի 22-ին եւ կզբաղեցնի պաշտոնը մինչեւ ֆինանսական տարվա ավարտը: Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Ուերֆելի վրա է դրվում հարկային ծառայության հեղինակության եւ դրա հանդեպ քաղաքացիների վստահության վերականգնման պատասխանատվությունը:

Մինչ այս Ուերֆելը Օբամայի աշխատակազմում կառավարման եւ բյուջեի բաժնի տեսուչ էր աշխատում: Պետական ծառայության ընթացքում նա մի քանի մրցանակների է արժանացել պետական ֆինանսների կառավարման գործում ներդրած ավանդի համար, գրում է lenta.ru-ն:

Բարաք Օբաման Սթիվեն Միլլերին հեռացրել էր մայիսի 15-ին՝ IRS հարկային ծառայության շուրջ ծագած սկանդալից հետո: Գերատեսչությունը վերջին տարիներին չհիմնավորված ստուգումներ էր անցկացրել կոնսերվատիվ կազմակերպություններում, որոնք հարկային արտոնությունների հավակնորդ էին: