Ադրբեջանում կայացած բոլոր ընտրություններն անօրինական են, քանի որ 1 միլիոնանոց հայ համայնքը դրանց մասնակցելու հնարավորությունից զուրկ է եղել: Այդ մասին այսօր՝ մայիսի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Ըստ նրա՝ «Ադրբեջանի թուրքական համայնքը նախագահական ընտրություններին ներկայանալու է բազմաթիվ թեկնածուներով», ընդ որում՝ գործող նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով, նույնը չի կարելի ասել հայկական համայնքի մասին: «Այս անգամ հայ համայնքին մասնակցության միջոցով Ադրբեջանում իրական մրցունակ ընտրություններ կազմակերպելու պատմական հնարավորություն է ընձեռվում: Մենք համակիրների կուռ թիմ ունենք, եւ հենց որ անվտանգության երաշխիքներ ստանանք, պատրաստ կլինենք մեկնել Բաքու», - նշել է Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ գիտակցում է նախաձեռնության վտանգը, սակայն կյանքն էլ անգամ չի խնայի արդար պայքարում հաղթանակի համար:
Գրիգորի Այվազյանը նաեւ հայտնել է, որ եթե գրանցման իր հայտը չընդունվի, այդպիսով Ադրբեջանը հերթական անգամ կապացուցի իր ֆաշիստական էությունը, ինչպես նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղին հավակնելու իրավունք չունի:


























