Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում եւ մոնիթորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել են երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկել առաջիկա ծրագրերը։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ նախարար Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է: Ալավերդիի եւ Բերդի բուժկենտրոնների հիմնանորոգման ընթացքին տեղում ծանոթանալուց հետո փորձագետներն իրենց գոհունակությունն են հայտնել։ Նրանք նաեւ արձանագրել են, որ նկատելի առաջընթաց կա գնումների կազմակերպման գործում, բավական աշխատանք է տարվել մարզային հիվանդանոցների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաեւ մարզային հիվանդանոցներում աուդիտներ անցկացնելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Համաշխարհային բանկի վարկային ընթացիկ ծրագրերի իրականացումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է գոհացուցիչ, որն ավելին է, քան նախորդ գնահատականը եւ այս փուլում համարվում է ամենաբարձրը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերի առանձին բաղադրիչների մանրամասներին։ Քննարկվել են մարզերում մասնագետների պակասի, հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի, առանձին ծրագրերում պետության մասնակցության, մարզային տարբեր ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների օրինակելի մոդել ունենալու եւ այլ հարցեր։ Երկուստեք կարեւորվել է խնայված միջոցների հաշվին բժշկական ամբուլատորիաների արդիականացումը։
Նախարար Դումանյանը Համաշխարհային բանկի թիմին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի եւ բարձր գնահատականի համար։ Նա իր հյուրերին ներկայացրել է վերջին մեկ տարվամ ընթացքում մարզային հիվանդանոցների ֆինանսվորման բարելավման, մասնագետներով համալրման եւ բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարված քայլերը։ Մասնավորապես անդրադարձել է 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն ի օգուտ մարզերի փոխելու, մարզերում մասնագետների պակասը լրացնելու եւ չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով Երեւանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, այդ թվում` երրորդ մակարդակի ծննդատները, մարզային բժշկական կենտրոններին կցելու, մայիսի 1-ից Ծննդօգնության եւ Երեխայի պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացնելու եւ իրականացվող այլ քայլերին։ Ասել է, որ նշված միայն վերջին ձեռնարկման շնորհիվ անցած 16 օրվա ընթացքում 10 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաք եկող ծնունդների թիվը։
«Մեզ համար լիովին ընդունելի է խնայված միջոցներն առաջին հերթին ամբուլատորիաների վերանորոգմանն ուղղելու գաղափարը։ Այդ կերպ հետզհետե կկրճատենք ծրագրերից դուրս մնացած, դեռեւս չվերանորոգված ամբուլատորիաների թիվը։ Սակայն երբեմն պետության եւ համակարգի առջեւ ծառանում են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի ֆինանսավորել»,-ասել է Դերենիկ Դումանյանը։
Նախարարը կարեւորել է նաեւ մարզային բուժհաստատություններում ախտաբանաանատոմիական ծառայության անհրաժեշտությունը։ Նշեկ է, որ ՀԲ միջոցներով արդեն իսկ այդ բացը լրացվել է Գավառի, Ապարանի, Գորիսի ԲԿ-ներում։ Իսկ Ալավերդիի, ապա Գյումրիի հիվանդանոցներում կարեւոր այդ ծառայությունը կստեղծվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ։
Հանդիպման ավարտին նախարար Դումանյանն ընդգծել է, որ նման լուրջ քննարկումները հետագա արդյունավետ համագործակցության կարեւոր նախապայման են։




























