Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է մեր երկրում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին եւ հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւոր ու պատասխանատու այդ պաշտոնում պարոն Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման եւ Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջեւ հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին, համագործակցության եւ հարաբերությունների զարգացման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել, եւ ժամանակն է այդ բացթողումը լրացնելու:

Հանդիպմանը կարեւորվել է նաեւ Հայաստանի եւ Նոր Զելանդիայի միջեւ սերտ փոխգործակցության հաստատումը միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Հեմիշ Կուպերը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ համագործակցությունը երկու երկրների միջեւ հնարավոր բոլոր բնագավառներում զարգացնելու համար: