Մայիսի 16-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Բացմանը ներկա էին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Նալբանդյանը մասնավորապես, ասել է. «Հայաստանը բարձր լեռների երկիր է, եւ բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձեւով զարգացել է դարեր ի վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 16-ին ստանձնել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը:




























