Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 17-ին, մասնակցել է Կրակովում կայացած Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ընդլայնման եւ հարեւանության հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները, Բելառուսի փոխարտգործնախարարը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի եվրոպական հարցերով նախարարը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը եւ մտքեր են փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Այդ համատեքստում ԵՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Ելույթ ունենալով նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, նշել է. «Արեւելյան գործընկերությունը Եվրամիության հետ մեր հարաբերությունների ամրապնդման արդյունավետ մեխանիզմ է դարձել, այն փոխել է ԵՄ հետ մեր համագործակցության որակն ու բնույթը։ Մեր փոխգործակցության օրակարգը համապարփակ է. այն ներառում է քաղաքական երկխոսությունը, մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ բարեփոխումները, տնտեսությանը, արդարադատությանը, շարժունակությանը, միգրացիոն հոսքերին առնչվող հարցեր»:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ ավարտական փուլում գտնվող բանակցությունների արդյունքները:
Եզրափակելով խոսքը` Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացման բոլոր հիմնական ոլորտներում:




























