Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` փետրվարի 26-ին կեսօրից հետո երկրորդ անգամ նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «Նոր ակունք» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովն իր առավոտվա նիստում որոշում է կայացրել բնակիչների համար ապրիլի 1-ից գազի սակագինը 1 խմ դիմաց 96 դրամից դարձնել 132 դրամ, իսկ խոշոր սպառողների համար 1000 խմ դիմաց` 243 դոլար:

Իր երկրորդ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է.

1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 172,2 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

2. "Լոռի-ջրմուղկոյուղի " փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 180,98 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

3. «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 202,63 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ից: