«Առավոտ» եւ «Չորորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ծանուցագիր է ստացել ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնից, ըստ որի, վաղը` փետրվարի 27-ին նա հրավիրվում է հարցաքննության:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում սակայն, նա հայտարարեց, որ չի պատրաստվում ներկայանալ հարցաքննության:

«Ես հրաժարվում եմ ներկայանալ եւ ցուցմունք տալ, որովհետեւ արդեն երեք օր է ե՛ւ դատախազությունը ե՛ւ ոստիկանությունը հայտարարում են, թե չեն կարող ճշտել բռնություն կիրառած երիտասարդի ինքնությունը: Ես էլ ասում եմ, թե ինչպե՞ս չեք կարողանում ճշտել, երբ որ նրա նկարը հրապարկվել է ե՛ւ տպագիր մամուլում, ե՛ւ էլեկտրոնային լրատվամիջոցներում: Բացի դա, այդ անձն անարգել մուտք է գործել գլխավոր դատախազության շենք»,- ասաց Գ. Շամշյանն ու հավելեց. «Դե եթե Դուք թաքցնում եք, թե ով է այդ անձը, ես չեմ վստահում նախաքննական մարմնին, ուստի հրաժարվում եմ գալ ցուցմունքներ տալու: Կարող եք բերման ենթարկելու որոշում կայացնել»:

Ֆոտոլրագրողը հայտնեց նաեւ, որ ամենայն հավանականությամբ այս գործով իր փաստաբանը կլինի Հովիկ Արսենյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, երբ Գագիկ Շամշյանը գլխավոր դատախազության շենքի դիմաց նկարահանումներ է կատարել, նրա վրա է հարձակվել մի անծանոթ տղամարդ եւ հայհոյանքներ տեղալով սկսել է խփել Գագիկ Շամշյանի դեմքին եւ մարմնի տարբեր մասերի: Դա տեւել է մի քանի րոպե: Միջադեպի մասին Գագիկը պատմել է կոլեգիայի նիստից հետո Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավիրած ասուլիսում` նշելով, որ հասցրել է լուսանկարել բռնարարք կատարողին, որը մտել է դատախազության շենք: Դա եղել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի Էրեբունու քննչական բաժնի քննիչը:

Այս դեպքի առնչությամբ փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (Ծեծ) եւ 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական գործունեությունը խորընդոտելը): Ի դեպ, երեկ դատական փորձաքննության է ենթարկվել Գագիկ Շամշյանը եւ ճանաչվել որպես տուժող: Բացի այդ, մեր տեղեկություններով, ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանի որոշմամբ, այս փաստի առնչությամբ ծառայողական քննություն է սկսվել: