«Հայռուսգազարդ» ՓԲԸ հայտը` գազի սակագինը բարձրացնելու մասին,  հասկանալի դժգոհություն առաջացրեց ինչպես հանրության, այնպես էլ գործարարների շրջանում: Հիշեցնենք, որ ընկերությունը պահանջում է բնակաչության համար սակագինը բարձրացնել 67,4%-ով, իսկ խոշոր սպառողների համար` 243-ից` 392  դոլար 1000 խմ դիմաց:

Իրականում ռուսական գազը վաղուց էր հասցրել թանկանալ: Եթե դիտարկենք վերջին տարիներին այս էներգակրի մաքսային գները, ապա այդ փաստն ակնհայտ է: Նախկինում մաքսային գինը 1000 խմ համար «օրինական»` 180  դոլար էր կազմում,  հետո աստիճանաբար սսեց աճել եւ 2011թ-ին դարձավ 198,4 դոլար, 2012 թ-ին` արդեն 232,4 դոլար, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` մինչեւ 247,0  դոլար: Ընդ որում, որքան էլ «տարօրինակ է», Հայաստանում ռուսական գազի մանրածախ գինը չի փոխվել: Միաժամանակ, ինչպես կարելի է ենթադրել, «Հայռուսգազարդի» ֆինանսական ցուցանիշների վրա մարժայի կրճատումն առանձնապես չի անդրադարձել:

Ռուսական էներգակրի այլընտրանքի`  իրանական գազի հետ կապված տարբեր կարծիքներ կան: Ոմանք կարծում են, որ գազատար խողովակի տրամագիծը (700մմ) թույլ չի տալիս  ապահովել մեր երկրի պահանջարկը: Նրա հզորությունը կազմում է  1,2 մլրդ խմ,  որը միջին հեռանկարում կարող է հասնել  մինչեւ 2,3 մլրդ խմ-ի: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Ռուսաստանից մատակարարվել է 1,9 մլրդ խմ գազ: Սակայն, ինչպես եւ հարկ է ենթադրել, խնդիրը մեր հարավային հարեւանի գազի արժեքի հետ է կապված:

Շատերին մոլորեցնում է իրանական գազի մաքսային արժեքը` 1000 խմ-ի դիմաց 180 դոլար: Սակայն հաշվի ենք առնում այն փաստը, որ գինը մի փոքր խորհրդանշական է, քանի որ գազը մատակարարվում է  բարտերով` դրանից արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց:

Պատկերավոր ասած` «մենք» ինքներս ենք մեզ մտցրել շշի մեջ` այնտեղից դուրս թողնելով «բնական գազ» կոչվող ջինին:  Հանրապետության տոտալ գազիֆիկացում, մեքենաների զանգվածային  «գազիֆիկացում». այս ամենը  կախվածություն  է ստեղծել այս էներգակրից:

Բերենք ընդամենը մեկ օրինակ. այս տարի, համաձայն «Հայռուսգազարդի» գնահատականի,  ավտոլցակայաններին կմատակարարվի 425 մլն խմ գազ, ինչը բաժանորդներին տրվող գազի ընդհանուր ծավալի 30 տոկոսից ավելին է:

 

Ալբերտ Խաչատրյան