Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման ղեկավար եւ գաղափարաբան Մահաթմա Գանդիի ձեռագիր կտակը 83,6 հազար դոլարով վաճառվել է բրիտանական Mullock`s աճուրդի տանը։

Աճուրդում 28,8 հազար դոլարով վաճառվել են նաեւ Գանդիի հայտնի սանդալները, որոնք հայտնաբերվել էին Մահարաշթրա նահանգի Ջուհու քաղաքի նրա տանը։ Այնտեղ Գանդին ապրել  է 1917-1934 թթ.։

Աճուրդի էր հանվել նաեւ մանրադիտակի ապակին, որի վրա կար Մահաթմա Գանդիի արյան կաթիլը, սակայն ոչ ոք չի ցանկացել այն գնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  BBC-ին։

Աճուրդի էին հանվել նաեւ Գանդիին պատկանող այլ իրեր՝ լուսանկարներ, նկարներ եւ ձայնագրություններ, որոշ փաստաթղթեր եւ կենցաղային իրեր՝ ընդամենը 50 առարկա։ Դրանց շարքում է եղել 1932թ. բրիտանական խորհրդարանի փաստաթուղթը, որը Գանդիին ահաբեկիչ է անվանում։ Այն վաճառվել է 395 դոլարով։

Մոհանդաս Կարամչանդ Գանդին Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գաղափարաբաններից էր, որը ժխտում էր բռնության ցանկացած դրսեւորում։ Գանդիին առաջին անգամ «Մահաթմա» (թարգմանաբար՝ «մեծ հոգի») անվանել է հնդիկ գրող Ռաբինդրանատ Տագորը։