ՆԱՏՕ-ի դռները բաց են են Դաշինքին միանալ ցանկացող նոր անդամների համար, սակայն ամեն թեկնածու երկիր, որպեսզի ընդունվի դաշինք, պետք է համապատասխանի կազմակերպության խիստ չափորոշիչներին: Այս մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության եւ միջազգային անվտանգության հարցերով փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն՝ պատասխանելով Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին:
Նրա խոսքերով, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելը, Վրաստանը դեռ շատ գործ ունի անելու պաշտպանության ոլորտի կատարելագործման հարցում, ինչպես նաեւ պետք է բոլոր դաշնակիցներին ցույց տա, որ նա ամեն ինչ անում է տարածաշրջանում եւ Եվրոպայում կայունության ամրապնդման համար:
Միեւնույն ժամանակ, Վերշբոուն նաեւ նշել է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն արդիական է մնում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեության դադարեցմանը՝ 2008 թվականին Վրաստանում կատարված իրադարձություններից հետո, փոխնախարարը նշեց, որ Օբամայի վարչակազմը դա «սխալմունք» է համարում:
«Մենք հավատում ենք, որ բոլոր վիճահարույց հարցերը լուծելու մեխանիզմ է անհրաժեշտ ստեղծել»,- հավելել է Վերշբոուն:
Նա ընդգծել է, կողմերը պետք է համագործակցության նոր միջոցներ եւ բանաձեւեր գտնեն, ուժեղացնեն տեխնոլոգիական կոոպերացիաներն ու ընդլայնեն կապերը Ռուսաստանի հետ, ներառյալ նաեւ՝ հակահրթիռային համակարգերի հարցում։



























