Կանադայի Քվեբեկ նահանգի Սեն Ժան սյուր Ռիշելյեում Օդապարիկների միջազգային փառատոնին այս տարի մասնակցելու է ֆրանսիական երգի լեգենդ Շառլ Ազնավուրը: Այս մասին գրում է «Le Canada Français»-ը: Փառատոնի 30-ամյա հոբելյանի շրջանակում ազգությամբ հայ ֆրանսիացի շանսոնիեն օգոստոսի 17-ին բացօթյա համերգ կունենա:
Պատվավոր հյուրն անհամբեր սպասում է չորս սերնդի ներկայացուցիչներից կազմված հանդիսատեսների առաջ ելույթ ունենալուն
Ֆրանսիական եւ միջազգային բեմի հսկան, որի հյուսիսամերիկյան կարիերան թափ էր ստացել Մոնրեալում՝ 65 տարի առաջ, հանդիսատեսին կներկայացնի իր ստվար երգացանկը՝ կազմված հազարից ավելի երգերից: «Time» ամսագրի եւ CNN հեռուստաընկերության կողմից «դարի էստրադային արտիստ» ճանաչված Ազնավուրը կկատարի իր ամենագեղեցիկ երգերը:




























