Թուրքիայում լրատվամիջոցների կողմից ստեղծված G-9 պլատֆորմը եւ Թուրքիայի լրագրողների ասոցիացիան (TGC) պատասխանել է Թուրքիայի վարչապետի զգուշացմանը լրատվամիջոցների ղեկավարներին, որ վերջիններս ազդեն լրագրողների հրապարակումների բովանդակության վրա։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրքական լրատվամիջոցների G-9 պլատֆորմի հայտարարության մեջ ասվում է. «Այն երկրում, որտեղ կառավարությունը եւ վարչապետը պետք է որոշեն, թե ինչ գրեն լրատվամիջոցները, ժողովրդավարություն չկա։ Եթե վարչապետը չի հավանում լրագրողների հրապարակումները եւ լրատվամիջոցի ղեկավարից պահանջում է, որ նա ազատի աշխատանքից այդ լրագրողին, ուրեմն ժողովրդավարության վերաբերյալ նրա խոսքերը արժեք չունեն։ Վարչապետը իր կուսակցությանը քննադատող լրագրողներին բացահայտ սպառնում է։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այդ պահվածքը բացահայտ հարձակում է անկախ լրատվության եւ ժողովրդի տեղակատվություն ստանալու իրավունքի վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի լրագրողների ասոցիացիան նույնպես քննդատել է Էրդողանի լրատվամիջոցների աշխատանքին խառնվելու փորձի համար եւ «ափսոսանք» հայտնել, որ վարչապետի մոտ չի ստացվում իր ցանկացած միակուսակցական ղեկավարումը։
Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Քեմալ Քըլըջդարօղլուն այս կապակցությամբ իր զարմանքն է հայտնել եւ հարցրել, թե արդյո՞ք վարչապետը կարծում է, որ լրագրողները իր կուսակցության անդամներն են։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցության ժողովում մեղադրել էր թուրքական լրատվամիջոցների ղեկավարներին, որ նրանց լրագրողները իրենց հրապարակումներում չափը անցնում են։ Վարչապետը մասնավորապես հիշեցրել էր Թուրքիայի վերջին զարգացումների հետ կապված հրապարակումները, որի արդյունքում թուրքական բորսաները լուրջ անկումներ գրանցեցին։



















