Օրերս ԱՄՆ-ում քննարկումներ են տեղի ունեցել «Ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակը Թուրքիայում» թեմայով, որի ընթացքում շոշափվել են նաեւ հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրները: Այս մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը:
Թերթը մասնավորապես, ուշադրություն է դարձնում Թուրքիա-ԵՄ հանձնաժողովի համանախագահ Յուստ Լագենդայկի խոսքերի վրա, որտեղ ասվում է. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ԵՄ-ին հնարավորություն կտա ավելի մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա` ԼՂ խնդրի հետ կապված»: Քննարկմանը մոսնակցող ադրբեջանցի դիվանագետն իր հերթին նշել է, որ Հայաստանը «օկուպացրել է» իրենց հողերը, ինչին սակայն Լագենդայկը պատասխանել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վերջին 15 տարում օգուտներ չի բերել: Բացի այդ, Լագենդայկը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով փորձում է միմյանց կապել հայ-թուրքական ու ԼՂ խնդիրները:
Քննարկմանը հանդես է եկել նաեւ Մարշալի հիմնադրամի փորձագետ Յան Լեսերը, որ մասնավորապես հայտարարել է, թե Վաշինգթոնի ու Անկարայի միջեւ խնդիրները բացատրվում են Հայաստանի ու Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումներով: «ԱՄՆ-ում Թուրքիային խնդրել են Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշում որդեգրել, սակայն կասկածներ կան, որ նա այդպես չի վարվել»,- ասել է նա:
Բրուքինսի ինստիտուտի անդամ, Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսոր Օմեր Թաշփինարն իր հերթին նշել է. «Թուրքիայում անցել են ռազմական հեղաշրջումների ժամանակները եւ կա նոր ընտրախավ, որը ցանկանում քայլել ժամանակին համընթաց: Կա պայքար իշխանության համար, բայց դա պայքար չէ իսլամի եւ հակակղերականների միջեւ: Դա պայքար է ստատուս-քվոն պահպանելու կողմնակից քեմալիստների եւ նրանց միջեւ, ովքեր չեն պաշտպանում այդ տեսակետը»:
Յուստ Լագենդայկը հայտարարել է, որ Թուրքիայի ԵՄ անդամության բանակցությունների արդյունքները կախված են Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիայի որոշումից: Նա կարծիք է հայտնել, որ այդ խնդրի լուծման հավանականությունը 50 տոկոս է՝ հավելելով, որ 2010-ը Թուրքիայի համար պետք է դառնա ԵՄ անդամության հասնելու համար բարեփոխումների իրականացման տարի:



























