Նախագահը ոչ Աստված է, ոչ էլ՝ ստրկատեր, եւ եթե դատախազության մոտ հարցեր ծագեն նրա վերաբերյալ, նա կհարցաքննվի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսիում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետը բերել է Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի օրինակը, ով արդեն մեկ տարի է մեղադրյալ է եւ այդ ֆոնին լքել է նախագահի պաշտոնը:
«Լավ կլինի, եթե Գերմանիայի նախագահի հետ կապված պատմությունն առաջին պլան մղեք եւ հասարակությանը ցույց տաք, թե ինչպես է ապրում Եվրոպան: Նախագահն Աստված չէ, ոչ ՝լ՝ ստրկատեր: Նա ժողովրդավարական երկրի նախագահ է (այդպես է կոչվում մեր երկիրը) եւ նույնկերպ պատասխան է տալիս օրենքի առջեւ, ինչպես յուրաքանչյուր այլ քաղաքացի: Հետեւաբար, եթե դատախազությունը հարցեր ունենա, իսկ նման կասկածներ արդեն կան, եթե նրա վարչապետը կալանավորվել է, մեծ հավանականություն կա, որ հարցեր կտրվեն նաեւ Սահակաշվիլիին եւ դա նորմալ է»,-ասել է Իվանիշվիլին եւ հավելել, որ Եվրոպան դա նորմալ կընդունի, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Վրաստանի վարչապետը նաեւ մեկնաբանել է Սահակաշվիլիի հայտարարությունը, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կալանավորելով նոր իշխանությունը դատում է Վրաստանի նորագույն պատմությունը: «Եթե նա համարում է, որ նորագույն պատմությունն իր գործունեության շրջանն է, դա նորմալ է, քանի որ ով խախտել է օրենքը, պետք է դատվի»,-ընդգծել է Իվանիշվիլին:




























