Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական վճարումների գործով հայցվորները դիմել են ԱՄՆ Գերագույն դատարան` կոչ անելով «վերանայել եւ շտկել» 9-րդ շրջանային դատարանի 2012 թ որոշումը, որով չեղյալ էր համարվում ապահովագրական վճարումների հարցում հայցային վաղեմության ժամկետի երկարաձգման մասին կալիֆոռնիական օրենքը, հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Գերագույն դատարանը հունիսի 6 –ին պետք է քննարկի ներկայացված բոլոր նյութերը եւ որոշի` գործը քննության վերցնել, թե ոչ:
«Այս հարցը կարեւոր հարցեր է բարձրացնում նահանգների` հօգուտ քաղքացիների բարօրության օրենքներ ընդունելու հնարավորույթան մասին, որոնք չեն հակասում արտաքին քաղաքականության կամ դաշնային կառավարության գործողություններին: Մենք հավատում ենք, որ Գերագույն դատարանը կլուծի այդ հարցը»,-ասել է հայցվորների փաստաբան Իգոր Տիմոֆեեւը:
Հիշեցնենք, որ գործը բարդ եւ երկար իրավական ճանապարհ է անցել, որը ներառել է երեք առանձին եւ հակասական կարծիքներ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի կողմից, որից վերջինը հայտարարվել էր 2012թ. փետրվարին: Այդ որոշումը չեղյալ էր համարել Կալիֆոռնիայի օրենքը` կյանքի ապահովագրության փոխհատուցման համար վաղեմության ժամկետի երկարաձգման մասին:




























