Ինձ համար պարզ չէ, թե ուրիշ ինչ ապացույցներ եւ հիմնավորումներ են պետք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: Այս մասին այսօր` մայիսի 25-ին, լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը ներկա է գտնվել  «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

«Հուսով եմ, ԱՄՆ-ն նույնպես առաջիկայում կճանաչի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա:

Ավելի ուշ բացման խոսքում Աբրահամյանն ընդգծել է, որ ցուցահանդեսում ցուցադրված է մեր պատմության ողբերգական դրվագը, որը երբեք չի մոռացվի:

Նա ամերիկացիներին շնորհակալություն է հայտնել 132 հազար հայ որբերի փրկելու համար, որոնք հետագայում կարողացել էին ԱՄՆ-ում դասավորել իրենց հետագա կյանքը: Խոսնակն ընդգծել է, որ Ցեղասպանությունը մեկ ազգի չի վերաբերում, քանի որ նման հանցանքները կարող են կրկնվել պատմության ընթացքում, եթե դրանք չճանաչվեն եւ չդատապարտվեն: Նա նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիան եւ այլ երկրները կճանաչեն Ցեղասպանությունը` նախքան այդ ոճրագործության հարյուրամյա տարելիցը:

Նշենք, որ «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսը: Նման ցուցահանդեսներ կբացվեն նաեւ մայիսի 26-ին Երեւանում` «Նարեկացի» արվեստի միության շենքում, եւ մայիսի 27-ին` Գյումրիում,  «Թռչունյան տուն» մանկատանը: Բոլոր երեք ցուցահանդեսները կգործեն մինչեւ հունիսի 8-ը, մուտքն անվճար է: