Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Վերին-Լարս հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:

Սահակաշվիլին նշել է, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է»,- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը»:

Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերահաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. «Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»:

Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին: