Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում մայիսի 27-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել քաղաքի բնակելի թաղամասի աղբարկղում:

Տուժածների ազգությունը չի նշվում: Հայտնի է, որ նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, հայտնում է «ԱիՖ»-ը` վկայակոչելով AP-ին:

Ավելի վաղ պայթյուն էր տեղի ունեցել Թայլանդի հարավում գտնվող Hotel Asia հյուրանոցում, զոհվել էր մեկ մարդ: Ռումբը գտնվել էր հյուրանոցի երկրորդ հարկում: Զոհվածի քաղաքացիությունը չի հրապարակվում: Չորս մարդ վիրավորվել էին: Ըստ տեղի ոստիկանության տվյալների` ահաբեկչությունը կազմակերպել են ծայրահեղական իսլամիստական շարժման գրոհայինները: