Պարզվել է, որ մայիսի 26-ի կեսգիշերին, Երեւանի Օրբելի եղբայրների փողոցում ավտովթարի ենթարկվածներից մեկը ոստիկանության քննիչ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 26-ի կեսգիշերի սահմաններում, Օրբելի փողոցում, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի դիմաց իրար են բախվել BMW մակնիշի 35 UD 382 համարանիշի եւ «Toyota Land Cruiser» մակնիշի 33 UU 338 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով՝ «Toyota Land Cruiser»-ի վարորդ 18-ամյա Էրիկ Թորոսյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ BMW-ի վարորդ Ռաֆայել Ռաֆայելյանը եւ ուղեւորուհի 17-ամյա Լանա Ա.-ն:
Ականատեսների վկայությամբ՝ մեքենաների բախումից հետո «Toyota Land Cruiser»-ը նաեւ հարվածել է ծառին եւ օդ բարձրացել:
BMW-ի վարորդը, ով Երեւանի քննչական վարչության Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում աշխատում է որպես քննիչ, ասել է, որ ինքը նորմալ արագությամբ ընթանում էր դեպի Կիեւյան խաչմերուկ, երբ առջեւը կտրել է «Toyota Land Cruiser»-ը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել:




























