ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 26-ին Բաքվում քննարկել են  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահության հարցը:

Ալիեւը համոզմունք է հայտնել, որ Մինյոնի այցը լավ հնարավորություններ կստեղծի  համագործակցության հարցերի քննարկման համար: Մինյոնն էլ հայտնել է, որ այցի հիմնական նպատակներից է նաեւ «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի առաջիկա նախագահության նախապատրաստման գործընթացի  վերաբերյալ կարծիքների փոխանակումը»: Վեցամսյա նախագահությունն Ադրբեջանը կստանձնի 2014թ. մայիսին:

ԵԽ-ի կառույցներում մտավախություն կա, որ Ադրբեջանի նախագահությունը կարող է վնասել  կազմակերպության հեղինակությանը եւ քննադատության պատճառ դառնալ, նշում է contact.az-ը: Այդ նպատակով Ստրասբուրգը Բաքու է ուղարկում տարբեր առաքելությունների, որպեսզի համոզի Ադրբեջանի իշխանություններին իրական քայլեր ձեռնարկել ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների ապահովման ուղղությամբ: 

Այսպես, ապրիլին Բաքու էր այցելել  Նախարարների կոմիտեի դիտարկող խմբի պատվիրակությունը, անցյալ շաբաթ այցելել էր ԵԽ-ի մարդու իրավունքների հարցով հանձնակատարը, եւ այժմ ժամանել է  անձամբ ԵԽԽՎ-ի նախագահը: Նախորդ երկու առաքելություններին նախագահ Ալիեւը չէր ընդունել: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահում է Հայաստանը: Կլոդ Մինյոնը Երեւան կժամանի մայիսի 31-ին` ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: